ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը բժշկի խորհրդով դադարեցրել է հացադուլը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
«Երկու օր չէի տեսել նրան, և այսօր արդեն վիճակն արտաքինից ավելի վատ էր. նկատելի էր հյուծվածություն և դանդաղություն։ Բժշկի հետ զրույց տեղի ունեցավ, որի ընթացքում մասնագետը մանրամասն ներկայացրեց թե՛ Նարեկի հիվանդության առանձնահատկությունները, թե՛ հացադուլի բացասական ազդեցությունը դրա վրա։ Բժիշկը ցուցել է անհապաղ հոսպիտալացում։ Այս ամենը հաշվի առնելով՝ Նարեկը որոշում կայացրեց դադարեցնել հացադուլը»,– ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։