Հեղուկ գազի շուկայում գերիշխող դիրք ունեցող չկա. Գեղամ Գևորգյան

Գևորգյանի խոսքով` որոշակի թանկացումն առաջարկ–պահանջարկի արդյուն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետություն հեղուկ գազ է ներկրում 187 տնտեսվարող, հետևաբար, հակամրցակցային իրավիճակ կամ գերիշխող դիրք որևէ մեկը չի կարող ունենալ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Որևէ մեկի մասնաբաժինը շուկայում 10%-ը չի գերազանցում։ Սա ստեղծված առաջարկ-պահանջարկի արդյունքն է, այսինքն՝ շատացել է ներկրողների քանակը։ Եղանակով պայմանավորված՝ մեքենաները կանգնում են սահմանին, և գինը բարձրանում է. հենց հասնեն՝ գինը կիջնի»,– պարզաբանեց Գևորգյանը։
Նա հիշեցրեց ՀՀ վարչապետի նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ տրանսպորտային հանգույցների խնդրի կարգավորումից հետո, երբ հասանելի լինի ոչ միայն ցամաքային կապը, շուկայում գները վերջնականապես կկայունանան։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հայաստանյան շուկայում կտրուկ թանկացել է ավանդաբար ամենաէժան հեղուկ վառելիքը համարվող հեղուկ գազը։ Եթե նախորդ շաբաթ լցակայաններում առավելագույն արժեքը 1 լիտրի դիմաց 200 դրամն էր, ապա այսօր գները տատանվում են 230-270 դրամի միջակայքում։
Որևէ նախընտրելի տնտեսվարող չի եղել. Գեղամ Գևորգյանը` ադրբեջանական բենզինի ներկրման մասին