ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանում մոպեդների, ինչպես նաև տրիցիկլների և կվադրոցիկլների համար պարտադիր կդարձնեն ԱՊՊԱ պայմանագրերը։
«Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ և ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը:
Օրենսդրական փոփոխությունների հիմնավորման մեջ ՀՀ ներքին գործերի նախարարությունը նշել է, որ տրանսպորտային միջոցների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է (դրանք լայնորեն օգտագործվում են սննդի առաքման ծառայություններում–խմբ.), բայց ապահովագրվում է դրանց մի փոքր մասը միայն։
Կառավարությունն այսօր ընդունեց մեկ այլ փոփոխություն, որը վերաբերում է գյուղատնտեսական ապահովագրությանը: 2020 թվականից սկսած, երբ ներդրվեց այս ծրագիրը, այն բիզնեսի համար այդպես էլ ձեռնտու չդարձավ: Միջազգային վերաապահովագրական ընկերությունը` Swiss Re–ն, որն իր վրա էր վերցրել տեղական ապահովագրական ընկերությունների ռիսկերը, 2024 թ. վերջին դադարեցրեց կառավարության հետ համաձայնագիրը։
Արդյունքում, 2025 թվականին ՀՀ կառավարությունը սկսեց սուբսիդավորել ֆերմերների ապահովագրավճարների մեծ մասը (70–80 %): 2026 թվականին սուբսիդավորումը կառավարությունը կշարունակի, բայց մի փոքր կրճատելով դրանք (ծիրանի համար՝ 40 տոկոս, մնացած մշակաբույսերի համար՝ 60 տոկոս)։ Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 200 մլն դրամ։
Հատկացման նման փոքր ծավալը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրությունը պարտադիր չէ, այդ իսկ պատճառով գյուղացիների միայն փոքր մասն է պայմանագիր կնքում։
Կառավարությունից նաև հայտնում են, որ կշարունակեն քննարկումները միջազգային գործընկերների հետ, որպեսզի մշակվի գյուղատնտեսական ապահովագրության ֆինանսապես կայուն` սուբսիդիաներից անկախ մոդել: