ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Դատախազները, ներքին համոզմունքի վրա հիմնվելով, «Սրբազան պայքարի» գործով մեղադրյալներին անվանում են ահաբեկիչ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրանքի ապացույցների ծավալը լսելուց հետո այսպես արձագանքեց մեղադրյալներից Արա Ռուստամյանը՝ բառացի մեջբերելով մեղադրանքից հատվածներ։
«Գրել են, որ կատարված խուզարկություններով հայտնաբերել են ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով նախապես ձեռք բերված պայթուցիկներ, ներկանյութեր, ծխացող իրեր, անձանց ցուցակներ, հաշվառված զինամթերք։ Հասկանո՞ւմ եք՝ հաշվառված զինամթերք, իսկ մենք ունենք երկու գնդապետ, որոնք նվեր են ստացել զենքեր. դա էլ մտցրեք մեղադրանքի մեջ։ Ուրեմն դատախազներն էլ պիտի մեղադրվեն ահաբեկչության մեջ, քանի որ իրենք էլ նվեր ստացած զենքեր ունեն, որոնք հաշվառված են»,– ասաց նա։
Ռուստամյանն անդրադարձավ նաև ծխացող նյութերին՝ նշելով, թե ով տանը ուսանող և ֆուտբոլի երկրպագու տղաներ ունի, այդ իրերը կարող են նրանց տնից հայտնաբերել։ Ինչ վերաբերում է մեղադրանքում տեղ գտած ցուցակներին՝ նա հիշեցրեց, որ մեղադրյալների մեջ է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, որն ունի բռնագաղթած արցախցիների ցուցակը։
«Իգոր Սարգսյանն էլ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է, որը կուսակցության անունից օգնություն է բաժանում զոհված զինծառայողների ընտանիքների. այդ ցուցակներն էլ կա՞ն։ Յուրաքանչյուրի տանը մի հին ցուցակ կլինի։ Իրավապահներին հուշեմ, որոնք գյուղաբնակ տարածքներում խուզարկություն են արել, գոմերում էլ են արել, որ գոնե երկու տուկ խոտ բերեին ու որպես իրեղեն ապացույց ներկայացնեին, որ, այ, այս խոտերով էին վառելու թունելները»,– շարունակեց Արա Ռուստամյանը։
Գրեթե բոլոր մեղադրյալներն ու նրանց փաստաբանները հերքեցին մեղադրանքը՝ կրկին շեշտելով, որ հանրային մեղադրողները ապացուցողական բազա գործի նյութերին չեն կցել։ Նիստն ավարտվեց և կշարունակվի հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին։
Ավելի վաղ հայտնել էին, որ մեղադրող կողմը դատարանում ներկայացրեց ապացույցների ծավալը, որը հետագայում դատարանը պետք է քննի։ Ապացուցողական բազան առայժմ սահմանափակվում է այցելությունների և հեռախոսային զանգերի չփորձաքննված տվյալներով ու խուզարկությամբ հայտնաբերված իրերով։ Դատախազը նշեց, որ ժամանակ խնայելու նպատակով չի մանրամասնում փաստերը, այլ պարզապես հղում է անում գործի էջերին և վկաների ցուցմունքներին։
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականցնելու մեջ։