ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ներկայացրել է Գազայի վերաբերյալ ծրագրերը։
Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ նա հայտնել է, որ անկլավը բաժանվելու է տարբեր գոտիների։ Ի սկզբանե դիտարկվել է ազատ գոտի և ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք ստեղծելու գաղափարը, սակայն հետո որոշել են հրաժարվել դրանից՝ հօգուտ ավելի ընդգրկուն և հեռանկարային ծրագրի։
«Այս շրջանը գոտիների կբաժանվի։ Սկզբում մենք դիտարկում էինք ազատ գոտուց սկսելու գաղափարը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող գոտուն զուգահեռ։ Բայց հետո ասացինք` ինչո՞ւ իրական հաջողություն չծրագրել»,-ընդգծել է Քուշները՝ հավելելով, որ գլխավոր հատակագիծն արդեն գոյություն ունի։
Նախագիծը կիրականացվի փուլ առ փուլ և կընդգրկի ինչպես Գազան, այնպես էլ Մերձավոր Արևելքի այլ հատվածներ։
Քուշները նաև նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ իրականացվում են նախագծեր, որոնց շրջանակում երկու-երեք միլիոն բնակչություն ունեցող քաղաքներ են կառուցվում երեք տարվա ընթացքում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ–ն պատրաստ է ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք սառեցված ռուսական ակտիվներից 1 մլրդ դոլար ուղղել Խաղաղության խորհրդին։
Հիշեցնենք` Դավոսի համաշխարհային համաժողովի շրջանակում 19 երկրներ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ նախագահը և Թրամփի կողմից այդ կառույց հրավիրված երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։