ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվել ցանկացողների հերթ է գոյացել։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլորը ուզում են լինել դրա մեջ (Խաղաղության խորհրդի–խմբ.)։ Խնդիրն այն է, որ դրա կազմում ուզում են լինել մարդիկ, որոնց մենք չենք խնդրել միանալ»,-ասել է Թրամփը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Եգիպտոսի գործընկեր Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը պարզաբանել է, որ մասնակցության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում խոշոր պետությունները, ինչպես նաև «բազմաթիվ մեծ մարդիկ»։ Նա ստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ խորհրդին մասնակցելու է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես համաշխարհային առաջնորդներից մեկի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է համապատասխան հրավերի ստացումը։
Թրամփը նաև հայտարարել էր, որ «Խաղաղության խորհուրդը» ստեղծվում է Գազայի իրավիճակի համատեքստում, և դրան մասնակցելու համար մի շարք պետությունների առաջնորդներ են հրավիրվել։