ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ «Հանրապետություն» կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանը (նա 2025–ի նոյեմբերին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր) պետք է հրապարակային ներողություն խնդրի գործարար, բարերար Սամվել Կարապետյանից վիրավորական արտահայտությունների համար։ Ինչպես տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, հունվարի 20-ին նման որոշում է կայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյանի նախագահությամբ։
Դատարանը վճռել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Հարություն Մկրտչյանի` վիրավորական արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակային հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել մասնակի։
«Պատասխանող Հարություն Տիգրանի Մկրտչյանին պարտավորեցնել հայցվոր Սամվել Սարգսի Կարապետյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ ձևով․ տեղադրել հայտարարություն պատասխանողին պատկանող «Հարություն Մկրտչյան» օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ կերպ. «Ես՝ Հարություն Տիգրանի Մկրտչյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից», իսկ բովանդակությունը շարադրել հետևյալ կերպ․ «Հարություն Մկրտչյան» օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում 24.06.2025թ. կատարված՝ «Թերուս քնձխների գծած պլանը հազիվ էլ էդքան էլի ... Վայ մե, վույ մե ... Պեսկով` ալոոոոոո...» հրապարակումը Սամվել Սարգսի Կարապետյանի վերաբերյալ պարունակում է վիրավորական արտահայտություններ, ինչի համար ներողություն եմ խնդրում»»,- նշված է դատարանի որոշման մեջ։
Հարություն Մկրտչյանից նաև հօգուտ Սամվել Կարապետյանի պետք է բռնագանձվի 100 հազար դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում և 23 000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար։