ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Ուֆայի ոստիկանական բաժանմունքում

Չարագործների բնակության վայրում ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ են հայտնաբերվել։
Sputnik
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ահաբեկչական հարձակում են կանխել, որը 2 միգրանտները պատրաստվում էին իրականացնել Ուֆայի ոստիկանական բաժանմունքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչությունից։
«ՌԴ ԱԴԾ–ն Մոսկվայում և Բաշկորտոստանի Հանրապետությունում կանխել է Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երկու քաղաքացիների՝ Ռուսաստանում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների անօրինական գործունեությունը, որոնք ահաբեկչական հարձակում էին ծրագրում Ուֆայում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ չարագործները իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել որպես Ուֆայի ոստիկանական բաժանմունքի մասին տեղեկություններ հավաքող անձինք։ Նրանք զննել են տարածքը, ձեռք են բերել ինքնաձիգ հրազեն, ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ և սկսել են հավաքել այն։
«Ձերբակալության ժամանակ խմբի ղեկավարը զինված դիմադրություն է ցուցաբերել և չեզոքացվել է պատասխան կրակով։ Իրավապահ մարմինների աշխատակիցների և խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։ Խմբի մեկ այլ անդամ ձերբակալվել է, նրա նկատմամբ քննչական գործողություններ են ընթանում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հավելել են, որ նրանց բնակության վայրում ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ են հայտնաբերվել և առգրավվել։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի, 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (ահաբեկչական գործողություն կատարելու փորձ) և 205.5-րդ հոդվածի 2-րդ մասի (մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը) հատկանիշներով։
ՌԴ–ում չեզոքացրել են մի տղամարդու, որը ներգրավված է եղել ահաբեկչության նախապատրաստման մեջ