ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ռուսաստանը պատճառներ չի տեսնում, թե ինչու Մոսկվան և Թեհրանը պետք է դադարեցնեն լայնածավալ առևտրատնտեսական և այլ նախագծերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Այսպես է նա մեկնաբանել Իրանի հետ առևտուր անող երկրների համար 25 % մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ նախագահի սպառնալիքները։
Նախարարի խոսքով, Իրանի հետ առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման լավ հեռանկարներ կան: Կողմերը համագործակցում են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Լավրովը հիշեցրել է Բուշերի ատոմակայանի, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի կարևորագույն հատվածի շինարարության մասին։
«Դոնալդ Թրամփը քաղաքականության մեջ մաքսատուրքեր և սակագներ է կիրառում։ Երբ առևտրում կիրառվում են միակողմանի հարկադրանքի միջոցներ, դա հուշում է, որ դրանց նախաձեռնողը լիովին չէ վստահ աշխարհի շուկաներում իր մրցակցային կարողությունների վրա: Բայց կյանքն ամեն ինչ իր տեղը կդնի», - կարծում է Լավրովը։
Օրերս ԱՄՆ նախագահը սոցցանցերում հայտարարել էր, որ Իրանի հետ համագործակցող ցանկացած երկիր 25 % մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ առևտուր անելիս։