Լավրովը տարակուսանք է հայտնել ՀՀ–ից հնչող մեղադրանքների կապակցությամբ

ՌԴ նախարարը կարծում է, որ Բրյուսելը հայ գործընկերներին կստիպի հատուցել հատկացված 15 մլն եվրոյի յուրաքանչյուր ցենտի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված «հիբրիդային սպառնալիքների» վերաբերյալ մեղադրանքները տարակուսանք են առաջացնում Մոսկվայում։ Ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լրագրողներին մեկը նշել է, որ ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը մեծ մասամբ ներկայացվում է որպես Ռուսաստանից բխող «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքար։
Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը ցավով է հետևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վերջերս թե՛ վարչապետը, թե՛ ԱԺ խոսնակը չեն հերքել, որ Հայաստանի դեմ ուղղված «հիբրիդային սպառնալիքները» իբր բխում են նաև Ռուսաստանի կողմից։
«Հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։ ԵՄ-ի հետ մերձեցումը անհետևանք չի անցնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ պնդում «Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն փող է տալիս դրա համար. վերջերս խոսվեց 15 մլն եվրոյի մասին։ Կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ բարեկամներին հատուցել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտի համար», – նշել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը հիշեցրել է նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ն Հայաստանում գործելու է մոլդովական սցենարով։
Լավրովի խոսքով` Կալասի ասածը մտորելու տեղիք է տալիս` հաշվի առնելով, թե ինչպես կոպտորեն կեղծվեցին Մոլդովայում վերջերս տեղի ունեցած ընտրությունները։
ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կապված քրեական գործը և նրան ներկայացված մեղադրանքներից մեկը, որը կապված էր Ռուսաստանի հետ Հայաստանի միության օգտին հնչեցրած հայտարարությունների հետ։ Նախարարի խոսքով՝ ռուսական կողմին լրջորեն մտահոգել է այն հանգամանքը, որ անձի դեմ քրեական գործ է հարուցվել քաղաքական հայացքների համար, որոնք ոչ մի կերպ չեն խաթարում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման օգտին հանդես եկող հայ քաղաքական գործիչները քրեական հետապնդման չեն ենթարկվի։
«Օտարերկրյա միջամտության ընդունում». Լավրովը` ԵՄ-ի կողմից ՀՀ–ին տրամադրվող օգնության մասին