Բարդ որոշում էր․ ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը դադարեցրել է լիազորությունները

Գագիկ Սարգսյանի խոսքով՝ ինքը երևի խանգարում է լեռնադահուկային սպորտը ՀՀ-ում զարգացնելուն, այդ պատճառով մարդկանց ձերբազատում է իր անձից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը դադարեցրել է լիազորությունները։ Այս մասին Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«21 տարի եղել եմ պրոֆեսիոնալ սպորտում, իսկ մինչ այդ էլ նույն ոլորտում մարզիկ էի։ 2005 թվականին եղել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, իսկ նախագահը Արմեն Երիցյանն էր։ Տարիներ անց դարձա ֆեդերացիայի նախագահ։ Այսօր էլ եկել եմ ասելու, որ որոշել եմ դադարեցնել լիազորություններս Լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Բարդ ու դժվար եղել ինձ համար, նույնիսկ ջանացել եմ շատ երկար ժամանակ, որ չհանգեմ այս որոշմանը։ Այնուամենայնիվ, այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ»,- նշել է Սարգսյանը։

Ըստ նրա՝ նման որոշում կայացնելու պատճառները մի քանիսն են ու դրանցից մեկն այն աշխատանքային մթնոլորտն է, որը պետք է լինի ՀՀ-ում դահուկային մարզաձևը զարգացնելու առումով։ Ընդգծեց՝ այդ կամքը պետք է լինի, բայց ոչ միակողմանի։ Բացատրեց՝ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով կամ ֆեդերացիայի միջոցով հնարավոր չէ որևէ մարզաձև զարգացնել։
«Տարիներ շարունակ մեր խնդրանքները, դիմումները լիազոր մարմնին, այս դեպքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, այդպես էլ լուծում չունեցան։ Ինչ-որ հարցերից ելնելով մտածում ես, որ գուցե քո անձն է խանգարում այդ մարզաձևը զարգացնելուն, ու հիմա ուղղակի իմ անձից ձերբազատում եմ մարդկանց»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 21 տարվա ընթացքում շատ ձեռքբերումներ են եղել, քանի որ մինչ այդ ոչինչ չի եղել։
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել էր FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։
Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ գերատեսչությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ պարզելու, թե ինչ խնդիր է եղել դահուկավազորդ Միքայել Միքայելյանի կոստյումի վրա «Ադրբեջան» գրության և այն փակելու հետ կապված։
Ի պատասխան նախարարության հարցման՝ ֆեդերացիայից հայտնել էին, որ Tour de ski-ն պարզապես մրցաշար չէ, այլ դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերից մեկը: «Ադրբեջան» գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա: Ֆեդերացիայից նաև ընդգծել էին, որ հայորդու քայլն առավել քան պարզ է, և չունի պարզաբանման կարիք։