Ալեն Սիմոնյանը խոստացավ «փակել» ՀՅԴ-ի էջը

Դեռ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները պետք է համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացավ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «փակելու է» ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցության էջը։ Նա իր սոցիալական ցանցերի էջերում տարածած տեսուղերձում մեղադրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանին՝ «Թրամփի ուղու» (TRIPP) հետ կապված գործընթացը խեղաթյուրելու մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Հայաստանը չի կարող ԱՄՆ-ում «Թրամփի ուղու» առնչությամբ վետոյի իրավունք ունենալ կամ նույնիսկ «ծպտուն հանել»։ Նա նաև հայտարարել էր, թե այսօր արդեն Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն չունի։
«Այդպես աղավաղել և աճպարարություն անել կարող է, թերևս, Արմեն Ռուստամյանի նման դաշնակցականը։ Խնդիրն այն է, որ այս մարդկանց համար քաղաքականապես գոյություն ունենալը հնարավոր է միայն, երբ իրենք հենվում են ողբի, պատերազմի և ցավի վրա։ Ինքնիշխան ու ազատ Հայաստանը, որը կախվածություն չունի որևէ մայրաքաղաքից, իրենց ամենամեծ վախն է։ Այդ պարագայում իրենք չեն կարողանում իրենց դրսի կառույցներն աշխատեցնել և ընդհանրապես քաղաքական դաշտում գոյություն ունենալ»,– տեսաուղերձում ասել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք նաև, որ 2025 թվականին ԱԺ կառավարություն հարց ու պատասխաններից մեկի ժամական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ժողովրդավարական երկրում պետք է գտնել մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում, համապատասխանի ժողովրդավարության և թափանցիկության կանոններին, և դա կարող է ընդհուպ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարց առաջացնել։