ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը ԱԺ ընտրություններում հաղթելու դեպքում առաջին հերթին կստեղծի 300 հազար աշխատատեղ։ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։
«Առաջին քայլով ստեղծում ենք 300 հազար նոր գործի տեղ, որի հիմքում ուղենշված է մակրոտնտեսական պլանավորված քաղաքականություն, այն է` զարգացնել արդյունաբերականությունը, վերարդյունաբերականությունը։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ունենանք ստեղծարար տնտեսություն»,– հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Նոր աշխատատեղերի բացումը տնտեսական ծրագրի առաջին քայլն է, 2–րդ քայլով նախատեսվում է փոքր բիզնեսին ընդհանրապես ազատել հարկերից, 3–րդ քայլով 20%–ով ավելի էժան դեղորայքի ապահովում բոլորի համար, 4–րդ քայլով բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 5–րդ քայլով` 20 հազար մատչելի բնակարան պետական աջակցությամբ։
Կարապետյանը նշեց, որ մեր երկիրը տարեկան 7 մլրդ դոլարի ներմուծում է անում, որի արդյունքում ներմուծման և արտահանման տարբերությունը համարյա 4 մլրդ դոլար է։ Որպեսզի այս գումարը մեր երկրում ու մեր երկրի ներսում շրջանառվի, այդ իսկ պատճառով Կարապետյանն առաջարկում է գործարաններ ստեղծել ներմուծվող ապրանքների, առաջին հերթին` նավթամթերքի ու բենզինի ուղղությամբ։
«Մենք առաջարկում ենք կառուցել նավթամշակման գործարան Հայաստանում, որը կունենա շուրջ կես միլիարդ դոլարի շրջանառություն։ Մյուս ներմուծվող ուղղությունը գազն է։ Իրանից կվերցնենք գազ, Հայաստան–Իրան սահմանի վրա կստեղծենք ջերմաէլեկտրակայան։ Իրանը նման գործարան կառուցել չի կարող, քանի որ գտնվում է սահմանափակումների տակ, իսկ Հայաստանը կարող է։ Սա նույնպես կապահովի կես միլիարդ դոլարի շրջանառություն»,– վստահեցրեց Նարեկ Կարապետյանը` ավելացնելով, որ մյուս բոլոր ներմուծվող ուղղություններով ևս հնարավոր է արտադրություններ ստեղծել։
Ըստ նրա` այս հարցում պետությունը միայնակ ոչինչ անել չի կարող, այդ իսկ պատճառով առաջարկում են համագործակցություն, օրինակ` Չինաստանի հետ, որտեղ գործող արտահանման ֆոնդը կարող է մինչև 70 տոկոսի չափով ֆինանսավորում ապահովել, եթե տվյալ երկրում գործարանը հիմնվում է չինական սարքավորումներով։
Փոքր բիզնեսի դեպքում Կարապետյանն առաջարկում է ազատել բոլորին շրջհարկից, որպեսզի այն կարողանա շնչել։ Նա հիշեցրեց, որ միայն 2025 թ. ընթացքում հարկերը կրկնապատկվելու պատճառով մեր երկիրը կորցրել է մոտ 3000 ընկերություն։
«Մենք ասում ենք` հարկերը զրո տոկոս կլինեն գեղեցկության սրահների, հացի փռերի, փոքր կրպակների ու խանութների համար։ Միայն այնպես ենք անելու, որ հանկարծ միջին բիզնեսը չտրոհվի ու դառնա փոքր բիզնես։ Մինչև միջին բիզնես չդառնաս, քեզ մոռանալու են, հարգելի փոքր բիզնես. ուզում ես` ՀԴՄ խփի–մի խփի, այս ամենը մոռանալու եք, քանի որ եթե հիմա հարկայինը ձեզ վրա այսքան աշխատում է, ընդամենն ապահովում է բյուջեի 2 տոկոսը։ Միջազգային առևտրով մենք կբերենք ոչ թե երկու, այլ տասնյակ տոկոսներ, քանի որ մենք փոքր բիզնեսին հարկելու կարիք չունենք»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա` իրենց ծրագրած այս քայլերով տարեկան 2–3 հազար նոր ընկերություն են կարողանալու բացել։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Գործարարն այս պահին տնային կալանքի տակ է։