ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՄԻՊ գրասենյակում «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցները հանդիպել են աշխատակիցների հետ ու ներկայացրել իրենց պահանջները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
Նշենք, որ աջակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՄԻՊ գրասենյակի առջև՝ պահանջելով շտապ բուժօգնություն տրամադրել Նարեկ Սամսոնյանին։ Նա արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ Սամսոնյանի առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, որոշ հետազոտություններ արել, ապա կրկին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։
«Մեզ մարդու իրավունքների պաշտպանը չընդունեց, ասացին, որ Մանասյանն ինչ-որ խորհրդակցության է։ Հանդիպել ենք գրասենյակի մի քանի աշխատակցի հետ։ Մենք ներկայացրել ենք ակցիայի բովանդակությունը, իմաստն ու նպատակը, շտապ բուժօգնություն տրամադրելու հրատապության խնդիրը։ Նաև ասացինք, որ պաշտպանի գրասենյակը պետք է նման դեպքերում հայտարարություններ անի, այցեր կատարի։ Նարեկին պատժախցում են պահում, ինչն անհամատեղելի է հացադուլ իրականացնող անձի հետ»,- նշեց Մաթևոսյանը։
Գրասենյակից բողոքի ակցիա իրականացնողներին հայտնել են, որ գրավոր ու բանավոր ընթացակարգերով համապատասխան կառույցների հետ Նարեկ Սամսոնյանի գործով կապի մեջ են
Նրա խոսքով՝ գրասենյակից նաև ընդգծել են, որ որոշ գործիքակազմեր ունեն, բայց ՄԻՊ-ի կողմից չեն ընտրվել Սամսոնյանի գործով հրապարակային հանդես գալու ու այց կատարելու գործիքակազմերը։
Մաթևոսյանը շեշտեց՝ ՄԻՊ աշխատակազմին հայտնել են՝ նման լռությունն իրենք դիտարկում են որպես հանցակցություն։ Նա նշեց, որ դիմում է ներկայացնելու գրասենյակ՝ հասկանալու, թե Նարեկ Սամսոնյանի առողջականի, ինչպես նաև գործի վերաբերյալ ինչ տեղեկատվության են տիրապետում ու ինչ տեղեկություն են փոխանցում միջազգային գործընկերներին։
«Մեզ չբավարարեցին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների պատասխանները։ Նմանատիպ աղաղակող գործերի դեպքում արտահերթ այցերի գործիքակազմը չընտրելու բացակայությունը մարդկանց մոտ համապատասխան ընկալումներ է առաջացնում»,- ասաց Մաթևոսյանը։
Շեշտեց՝ բոլոր հարցերի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պատրաստվում են կապի մեջ լինել՝ հասկանալու, թե ակցիայից հետո ինչ քայլեր են արվել և արվում։