ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Իրանի իշխանությունները կարող են ամբողջությամբ վերականգնել ինտերնետի հասանելիությունն արդեն հունվարի 23-ին։ Այս մասին հայտարարել է գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Հոսեյն Աֆշինը։
«Ինտերնետը կարող է վերականգնվել արդեն այսօր կամ վաղը, կամ շաբաթվա վերջին»- ասել է Աֆշինը:
Նախօրեին Իրանի մայրաքաղաքում վերականգնվել է ինտերնետի հասանելիությունը, որն արգելափակվել էր վերջերս երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում անցկացվեցին ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։