Մեկուսարանում հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել. փաստաբան

Նարեկ Սամսոնյան. Արխիվային լուսանկար
Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Արմավիրի» ՔԿՀ–ում հացադուլի մեջ գտնվող Antifake.am-ի «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու»,– գրել է փաստաբանը։
Նա հիշեցրել է, որ այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր։
Ավելի ուշ Ռուբեն մելիքյանը հայտնել է, որ շտապօգնության անձնակազմը որոշեց Նարեկին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվաի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։