Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը

Հալեպի օդանավակայանը. Արխիվային լուսանկար
Որոշումն ընդունվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումների ավարտից և անվտանգության միջոցառումների գնահատումից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը։ Այդ մասին հայտնում է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ջոկատների դեմ կառավարական զորքերի գործողության պատճառով օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը:
«Օդային հաղորդակցությունը կվերականգնվի ըստ հաստատված չվացուցակի», - նշել են գերատեսչությունում:
Որոշումն ընդունվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումների ավարտից և անվտանգության միջոցառումների գնահատումից հետո:
Հիշեցնենք, որ քրդական ջոկատների դեմ գործողության արդյունքում Սիրիայի անցումային կառավարության զորքերը գրավել են Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները: Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ, տուժել է նաև այդ շրջանների քաղաքացիական բնակչությունը։ Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել տները, իսկ ողջ մնացած քուրդ աշխարհազորայինները նահանջել են։