Սիրիայի անցումային կառավարության զորքերը վերահսկողություն են հաստատել երկրի արևելքում գտնվող Ալ-Օմար նավթի և Կոնիկո գազի հանքավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է թուրքական «Yeni Şafak» թերթը:
Պարբերականը նշում է, որ Ալ-Օմարը Սիրիայի Դեյր Զոր նահանգի արևելյան հատվածում գտնվող խոշորագույն նավթային հանքավայրն է, որի նկատմամբ վերահսկողությունը զգալի նավթային եկամուտներ և ռազմավարական ազդեցություն է ապահովում:
Իր հերթին Կոնիկոն (նույնպես գտնվում է Դեյր Զոր նահանգում) Սիրիայի կարևորագույն գազային օբյեկտներից մեկն է, որը վառելիքով ապահովում է էլեկտրաէներգետիկան և տեղական էներգետիկ կարիքները։
Նախկինում այդ հանքավայրերը վերահսկում էին քրդերը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում քուրդ աշխարհազորայինները երկրի անցումային կառավարության հետ պայմանավորվել էին փոխանցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր Զոր նահանգի հանքավայրերում նավթի արդյունահանման վերահսկողությունը։ Համաձայնությունը ձեռք էր բերվել Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել էին Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան և Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին: