ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik․ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Նա նշել է, որ քիչ առաջ է տեսակցել Վարդան Ղուկասյանին, և նրա առողջական վիճակը կրկին վատթարացած է։
Հունվարի 8–ին հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետին տեղափոխել են հիվանդանոց։
«Հիվանդանոցն այնպիսի ախտորոշում էր տվել, որոնք անհամատեղելի են Վարդան Ղուկասյանի կալանքի հետ։ Նրան այս քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը կարելի է բնութագրել հանցագործություն, որը միտված է մահվան հասցնելուն։ Այս քրեակատարողական հիմնարկում բժիշկ գոյություն չունի, ինչ–որ բուժքույր կար, բայց ես հնարավորություն չունեցա նրան հանդիպելու»,– նշել է Փոստանջյանը։
Նա թվարկել է Գյումրու համայնքապետի առողջական խնդիրները։
«Վարդան Ղուկասյանը սրտի և կրծքավանդակի շրջանում ունի ցավեր, արյան մեջ` բարձր շաքար։ Նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի 2-րդ տիպ` «ծանր» ընթացքով, նեյրոպաթիա, լիմֆոստազ, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անոթների փակում, մի անոթը փակված է 90%–ով, և մյուս 3 անոթները փակված են 65%–ով, ունի աորտայի լայնացում։ Այս ամենը հիվանդությունների մի մասն է։ Ի դեպ, շուրջ 10 օր հիվանդանոցային հետազոտությունները պարզեցին, որ Ղուկասյանը նաև ինֆարկտ է տարել»,– ասել է Փոստանջյանը։
Փաստաբանը ահազանգել է շտապօգնություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նա հուսով է, որ Ղուկասյանը կստանա անհրաժեշտ բուժօգնություն և կտեղափոխվի հիվանդանոց։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին նրա կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:
Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։