ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է 10% մաքսատուրք սահմանել եվրոպական մի շարք երկրների նկատմամբ. պատճառը Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակն է։
Նա հստակեցրել է` Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և մի շարք այլ երկրների նկատմամբ մաքսատուրքերը կպահպանվեն այնքան ժամանակ, մինչև Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Միաժամանակ Թրամփը չի նշել այն երկրների ամբողջական ցանկը, որոնց նկատմամբ մաքսատուրքեր կկիրառվեն։
ԱՄՆ առաջնորդն անդրադարձել է Գրենլանդիայում կազմակերպված զորավարժություններին և ԵՄ 7 երկրների զինվորականների մասնակցությունն անվանել է «վտանգավոր խաղ»։
«Ոչ ոք չի դիպչի Երկրի այս սուրբ կտորին (Գրենլանդիա), մանավանդ որ վտանգված է Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի ազգային անվտանգությունը։ Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան անհայտ նպատակներով մեկնել են Գրենլանդիա: Այդ երկրները վտանգավոր խաղ են սկսել և մեծ ռիսկ ստեղծել»,– նշել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև ասել է, որ 2026 թվականի հունիսի 1-ից մաքսատուրքը կհասնի 25%–ի և կգործի այնքան ժամանակ, մինչև Գրենլանդիան գնելու շուրջ գործարք կնքվի. Միացյալ Նահանգները փորձում է այս գործարքն իրականացնել ավելի քան 150 տարի:
«Շատ նախագահներ փորձել են, բայց Դանիան միշտ մերժել է։ Այժմ «Ոսկե գմբեթի» և զենքի ժամանակակից համակարգերի առկայության պայմաններում` թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական, Գրենլանդիան ձեռք բերելու անհրաժեշտությունը հատկապես կարևոր է»,– նշել է ԱՄՆ առաջնորդը։
Գրենլանդիան մտնում է Դանիայի թագավորության կազմի մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ կղզին պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա՝ վկայակոչելով ազգային անվտանգության համար դրա ռազմավարական կարևորությունը:
Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են հարգել իրենց տարածքային ամբողջականությունը: ԵՄ անդամ երկրները հունվարին քննարկել են հնարավոր արձագանքը, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները Գրենլանդիայի նկատմամբ իրական լինեն։