ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց հակաիշխանական ակցիա է կազմակերպվել։ Մասնակիցիները որոշել են երթով գնալ Կապույտ մզկիթ, սակայն իրավապահները թույլ չեն տվել և 7 հոգու բերման են ենթարկել։
Հակաիշխանական ակցիա ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց
© Sputnik
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է։
«Հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,– ասաց նա։
Սարգսյանի խոսքով` ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը։
Նշենք, որ ակցիան շարունակվում է։
Հակաիշխանական ակցիա ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց
© Sputnik
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։