ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում հանդիպում է անցկացրել Մարիա Կորինա Մաչադոյի հետ, հանդիպման ընթացքում Մաչադոն նախագահին է հանձնել իր մրցանակը՝ որպես երախտագիտության և հարգանքի նշան», – ասվում է X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մաչադոն լրագրողներին ասել է, որ ինքն այդ քայլին է գնացել` հաշվի առնելով Թրամփի դիրքորոշումը Վենեսուելայի քաղբանտարկյալների և բոլոր վենեսուելացիների ազատության նկատմամբ։ Նրա կարծիքով` Թրամփը գիտակցում է, որ Վենեսուելան ԱՄՆ–ի ուժեղ դաշնակիցը դառնալու ներուժ ունի։
«Ես նախագահ Թրամփին ասացի, որ 200 տարի առաջ գեներալ Լաֆայետը Սիմոն Բոլիվարին մեդալ է փոխանցել նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատկերով։ Այդ ժամանակվանից Սիմոն Բոլիվարը երբեք չի բաժանվել այդ մեդալից։ 200 տարի անց Բոլիվարի ժողովուրդը ԱՄՆ նախագահին՝ Վաշինգտոնի ժառանգորդին է շնորհում Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը՝ ի նշան մեր ազատության նկատմամբ նրա հավատարմության», – ասել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը։
Հունվարի սկզբին Մաչադոն հայտարարել էր, որ պատրաստ է Թրամփին հանձնել իր մեդալը, որը ստացել է2025 թվականի հոկտեմբերին՝ Վենեսուելայում ժողովրդավարությունն առաջ մղելու ջանքերի համար։ Նա նշել էր, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ–ի հետ անվտանգության, էներգետիկայի և ներդրումների պաշտպանության ոլորտներում։
Հիշեցնենք` հունվարի 3-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել: Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:
Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին: Նա հունվարի 5-ին պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, իսկ ԱՄՆ-ին հորդորել է չսրել իրավիճակը և ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը։ Նման կոչ է հղել նաև Չինաստանը, որն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։ ԱՄՆ-ին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն: