ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Իրանը սրացման չի ձգտում, բայց վճռական պատասխան կտա ցանկացած ագրեսիայի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին։
«Իրանը չի ձգտում ո՛չ սրացման, ո՛չ առճակատման։ Սակայն ագրեսիայի ցանկացած ակտ`ուղիղ կամ անուղղակի, վճռական, համաչափ և օրինական պատասխան կստանա ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։ Սա սպառնալիք չէ, այլ իրավական իրականության արձանագրում», – ասել է իրանցի դիվանագետը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով` բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի նրանց վրա, ովքեր նման անօրինական գործողություններ են նախաձեռնում։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։