ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է «Yonhap» գործակալությունը:
Ըստ դատարանի եզրակացության՝ նախկին նախագահը խանգարել է քննիչներին, որոնք 2025 թվականի հունվարի 3-ին գնացել էին նրան ձերբակալելու։ Քննիչները նրա թիկնազորի հետ ավելի քան հինգ ժամ դիմակայելուց հետո հեռացել էին: Յոլին ձերբակալեցին միայն հունվարի 15-ին։ Դատախազությունն այդ մեղադրանքով նրա համար 10 տարվա ազատազրկում էր պահանջել։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները գրել էին, որ Յուն Սոկ Յոլը կարող է մահապատժի դատապարտվել 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելու համար։ Ըստ մեղադրանքի` քաղաքական գործիչը դավադրության մեջ է մտել պաշտպանության նախկին նախարարի և այլ անձանց հետ` անկարգություններ կազմակերպելու և Սահմանադրությունը խախտելու համար։ Սա հիմնական մեղադրանքն է, որով դատավճիռը կկայացվի փետրվարի սկզբին։
Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը հավանություն տվեց Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին։