ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր կարգավորում է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որպեսզի լուծվի արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների հարցը։ Նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Այժմ արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից կա, որոնց 27 տարին լրացել է, և նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք, քան 2-5 տարի ժամկետով ազատազրկվելն է:
2024 թվականին ընդունված օրենքում, որի հեղինակը նույնպես Սարգսյանն էր, նշված է, որ այն վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած անձանց։ Ըստ նախագծի` օրենքը կվերաբերի 27 տարին լրացած բոլոր անձանց։
«Օրենսդրական այս փոփոխությունները մեկընդմիշտ լուծում են այս հարցը, այսինքն` ԱԺ հաջորդ գումարումների ժամանակ այլևս կարիք չի լինելու այլ փոփոխություններ կատարել, որպեսզի 27 տարին լրացած անձինք դուրս գան հետախուզումից ու օգտվեն այս օրենքից»,– հայտարարեց նա։
Օրենսդրական այս փոփոխությունները, ըստ պատգամավորի, վերաբերելու են հետախուզման մեջ գտնվող բոլոր անձանց ու կապ չունի` նրանք ՀՀ–ում են ապրում, թե արտերկրում, թեև գերակշիռ մասը հենց դրսում է գտնվում։
Սարգսյանը նաև ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` 2024 թ. փետրվարից մինչև 2025 թ. օգոստոսի 1–ը, այսինքն` 17 ամսվա ընթացքում, 2024 թ. օրենսդրական փոփոխություններից օգտվել է շուրջ 200 քաղաքացի, ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2 մլրդ դրամ։
«88 անձ օգտվել է 15 մլն դրամի հնարավորությունից և չի ծառայել, 38 անձ ծառայել է մեկ ամիս և վճարել է 8 մլն դրամ, 9 տղա ծառայել է 2 տարի ու որևէ գումար չէ վճարել»,– տեղեկացրեց պատգամավորը։
Այսօրվա նախագիծը, նրա խոսքով, վերաբերում է 1999 և 2000 թվականներին ծնված տղաներին, որոնք եթե ըստ ընթացակարգի գնային ծառայության 2018–19 թվականներին, ապա այդ ժամանակ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եղել է 24 ամիս, և հետևաբար հետախուզումից դուրս գալուց հետո նրանք պետք է հիմա ծառայեն հենց այդքան։
«Նրանց հասակակիցները ծառայել են 24 ամիս ժամկետով ու կարծում եմ, որ նրանք նույնպես պետք է նույնքան ծառայեն, այլապես կլինի անարդար»,– ընդգծեց Սարգսյանը։
Պատգամավորի հեղինակած օրենքի փոփոխությունները դրական եզրակացությամբ ընդունվեցին հանձնաժողովի նիստի ժամանակ և ներառվեցին ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը նաև 2025 թվականին էր առաջարկել փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, բայց այդ անգամ նախագիծն անգամ ԱԺ օրակարգ չներառվեց և բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։