Բաքվում «Հնդկաստանի բռնաճնշումները սիկհերի նկատմամբ» թեմայով համաժողով է անցկացվում

Միջոցառմանը մասնակցում է Պակիստանի Փենջաբ նահանգի մարդու իրավունքների և փոքրամասնությունների հարցերի նախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Բաքվում մեկնարկել է «Հնդկաստանի կառավարության բռնաճնշումները սիկհերի նկատմամբ» թեմայով համաժողովը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրողություններ» խորագրով համաժողովը կազմակերպել է Բաքվի նախաձեռնողական խումբը։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցում են Պակիստանի Փենջաբ նահանգի մարդու իրավունքների և փոքրամասնությունների հարցերի նախարար Ռամեշ Սինգհ Արորան, սիկհերի համայնքի ներկայացուցիչներ Կանադայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, ինչպես նաև «մարդու իրավունքների և էթնիկ փոքրամասնությունների ոլորտի վերլուծական կենտրոնների փորձագետներ և գիտնականներ» արտասահմանյան համալսարաններից։
Համաժողովի մասնակիցները մեղադրում են Հնդկաստանին սիկհերի և այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ռասայական խտրականության, բռնության և բռնաճնշումների քաղաքականության, ինչպես նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի», «Ռասիզմի դեմ միջազգային կոնվենցիայի» և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» շրջանակում կառավարության պարտավորությունները խախտելու մեջ։
Նշենք, որ 2023 թվականին Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ։ Միջպետական բողոքը կապված է ատելության և այլատյացության քարոզչության, տասնյակ տարիներ Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության քաղաքականության հետ։ ՄԻԵԴ ներկայացված հայցերից 1-ը (4-ից) վերաբերում է Լեռնային Ղարաբաղում 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի սեպտեմբերը տեղի ունեցած իրադարձություններին, որոնք արցախահայերի բռնի տեղահանման հանգեցրին։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Արցախից բռնի տեղահանվածներից քանի՞սն են ՀՀ քաղաքացիություն ստացել. նոր տվյալներ