Մխիթարություն և հոգու ուրախություն է. Գարեգին Երկրորդը` հայ գերիների վերադարձի մասին

Կաթողիկոսը մաղթել է, որ Ադրբեջանից վերադարձած գերիները վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդն արձագանքել է 4 հայ գերիների վերադարձին։ Նրա հայտարարությունը հրապարակել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մխիթարություն և հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։ Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան հայրենիք։ Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին»,– նշել է կաթողիկոսը։
Հիշեցնեք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և գտնվում են ՀՀ տարածքում։
Կարճ ժամանակ անց նա ևս մեկ գրառում արեց` նշելով, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։