Մերկասառույց, ձյուն, դժվարանցանելիություն․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Ջերմուկից Կապան ճանապարհը, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում էլ ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ ներկայացնելով իրավիճակը հունվարի 15-ի ժամը 9:00-ի դրությամբ։
«Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հանրապետության միջպետական ավտոճանապարհները բաց են:
Հիմնադրամից վստահեցնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ինչպես վարդագույն քաղաքը դարձավ սպիտակ հեքիաթ