ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Այսօր` ժամը 10։00–ի դրությամբ, ՀՀ պոլիկլինիկաներում արձանագրվել է առողջության համընդհանուր ապահովագրական համակարգով 87 048 այց, որից 7 739–ը` ամբուլատոր, 8 612–ը` հիվանդանոցային։ Այս ցուցանիշները ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ։
«Այս աճի տեմպը մեր ակնկալածի շրջանակում է։ Ընթացիկ շտկումներ ենք անում, որ համակարգն ավելի մարդակենտրոն լինի»,– հայտարարեց նախարարը։
Նա վստահեցրեց, որ այս պահին շատ մեծ հերթեր պոլիկլինիկաներում չկան, թեև լինում են պիկ ժամեր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմից ավելացրեց, որ առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը երկրում ընդհանուր բժշկական ծառայությունների մոտ 30 տոկոսն է ծածկում։
«Միգուցե կամավորների խմբեր ձևավորենք, որոնք կգնան տարբեր ուղղություններով և մեզ համար ինֆորմացիա կբերեն ապահովագրության համակարգի մասին»,– հայտարարեց Փաշինյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ առաջարկեց պրոֆեսիոնալ ծառայություն պատվիրել` գաղտնի գնորդ հետազոտություն, որի միջոցով ևս հնարավոր կլինի իրականացնել մոնիտորինգ։ Այս առաջարկն այնքան էլ դուր չեկավ Փաշինյանին։
Իսկ ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունը տելեգրամյան ալիք ունի, որին 1000–ից շատ մարդ է բաժանորդագրված` և՛ բժիշկներ, և՛ քաղաքացիներ, որոնք իրենց կարծիքն են գրում այս համակարգի մասին։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ այս համատեքստում ասաց, որ հանրակրթության համակարգում արդեն իսկ ներդրել են կամավորության գաղափարը, որը դպրոցականները կսկսեն ուսումնասիրել ու կիրառել տարբեր բնագավառներում։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։