ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությունները:
Ավելի վաղ իր հեղինակային հաղորդաշարում Սոլովյովը խոսել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ ազդեցության կորստի անթույլատրելիության մասին: Նա նաև զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև (առանց կոնկրետ երկրներ նշելու):
Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ դա լրագրողի կարծիքն է, և այն արտահայտվել է «Սոլովյով live» մասնավոր ալիքում: Համատեքստից կտրված անուղղակի արտահայտությունների փոխարեն Զախարովան կատարել է մեջբերումներ։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Սոլովյովն իր կարծիքը ձևակերպել է իբրև հարց և ոչ հայտարարություն, իսկ այդ արտահայտությունները բազմոցային վերլուծաբանները սադրիչ կերպով ներկայացնում են գրեթե որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում։
«Որոշ մեկնաբաններ ակնհայտորեն օգտվել են առիթից, որպեսզի դաշտ նետեն ընդհանրապես չհնչած ենթադրությունների և բացահայտ շահարկումների մի ամբողջ շարք այն մասին, թե իբր Ռուսաստանն ագրեսիվ նկրտումներ ունի հետխորհրդային պետությունների նկատմամբ», – նշել է Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը արտահայտվում է համապատասխան լիազորություններով օժտված անձանց կողմից: