ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը ցամաքային ճանապարհով դեպի Թուրքիա կամ Հայաստան։
Հաղորդագրությունում նշվում է, որ նրանք չեն կարողանա լքել Իրանը Ադրբեջանի սահմանով՝ հաշվի առնելով ԱՄՆ քաղաքացիների համար Իրանից Ադրբեջան մուտք գործելու սահմանափակումները։
«Դիտարկեք ցամաքային ճանապարհով դեպի Թուրքիա կամ Հայաստան մեկնելու հնարավորությունը, եթե դա անվտանգ է։ ԱՄՆ քաղաքացիները, որոնք շտապ անհրաժեշտություն ունեն լքել Իրանը Ադրբեջանի միջոցով, պետք է հաշվի առնեն, որ լարվածությունների սրացման ժամանակ (այդ թվում՝ 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ժամանակ) ԱՄՆ քաղաքացիների համար Իրանից Ադրբեջան մուտքը սահմանափակվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։