ԱՄՆ–ն խնդրել է Իրանի հարցով ՄԱԿ–ի ԱԽ նիստ գումարել. օր է նշանակված

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի Իրանում տիրող իրավիճակը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն խնդրել է Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, որը կանցկացվի հունվարի 15-ին` Մոսկվայի ժամանակով ժամը23:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին)։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով միջազգային կառույցին։
Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցույցեր իրականացնողներին հորդորեց շարունակել ակցիաները և գրավել իշխանության մարմինները: Նա օգնություն խոստացավ անկարգությունների մասնակիցներին՝ «Truth Social» սոցցանցում գրելով, որ օգնությունը ճանապարհին է: Թրամփը նաև սպառնաց, որ լուրջ գործողություններ կլինեն, եթե Իրանում սկսեն մահապատժի ենթարկել ցուցարարներին:
«Նիստ գումարելու համար ԱՄՆ–ն է դիմել», – գործակալությանն ասել է ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի աղբյուրը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։