ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ցուցակում է նաև ԱԽ ղեկավար Ալի Լարիջանին

Ալի Լարիջանին. Արխիվային լուսանկար
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Լարիջանին կապված է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով 11 ֆիզիկական անձանց և 13 կազմակերպությունների: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC):
Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ֆիզիկական անձինք Իրանի քաղաքացիներ են։ Կազմակերպությունների ցանկում նշված են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություններ: Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել իրանական Ֆարդիս բանտի նկատմամբ։
Բացի այդ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար նախագահ Ալի Լարիջանիի նկատմամբ: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության` 1958 թվականի հունիսի 3-ին ծնված Լարիջանին կապված է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին հրապարակայնորեն կոչ էր արել Իրանում անցկացվող բողոքի ցույցերի մասնակիցներին շարունակել ակցիաներն ու գրավել պետական հիմնարկները: Truth Social սոցիալական ցանցում Թրամփը նաև հայտարարել էր, որ ցուցարարներին աջակցություն կցուցաբերվի՝ նշելով, որ «օգնությունը ճանապարհին է»:
Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահի այդ կոչերը խրախուսում են իրավիճակի ապակայունացումը և սպառնալիք են ինքնիշխանության հանդեպ: