ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, մտադիր են հունվարին այցելել Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար։ Այս մասին գրում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները ծրագրում են մեկնել Մոսկվա՝ մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար... Հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս ամսվա ընթացքում»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները ցանկանում են քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ներկայացնել կարգավորման ծրագրերի նախագծերը։
«Սպասվում է, որ քննարկումների ընթացքում կշոշափվեն անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն ու Եվրոպան տրամադրելու են Ուկրաինային՝ խաղաղ համաձայնագրի պահպանումն ապահովելու համար, ինչպես նաև երկրի հետպատերազմյան վերականգնումը... Ամերիկացի պաշտոնյաները Պուտինին և նրա թիմին կներկայացնեն ծրագրերի վերջին նախագծերը»,-նշում է պարբերականը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Պուտինը հայտնել էր, որ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է դրանք քննարկել առանձին։