ՀՀ ՆԳՆ–ն արձագանքել է Իրանի դեսպանի մեղադրանքներին

ՆԳՆ–ն նշել է, որ հավաքների մասնակիցներից մեկը ենթարկվել է վարչական ձերբակալման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը օրենքով սահմանված կարգով։ Նախարարությունն այսպես է արձագանքել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանը։
Շիրղոլամին այսօրվա ասուլիսի ժամանակ փաստացի մեղադրեց հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։ Նա նշեց, որ թեև իրենք շարունակաբար բողոքում են, բայց այդ գործընթացը շարունակվում է։
ՆԳՆ–ն իր «պարզաբանման» մեջ նշել է, որ ՀՀ–ն` որպես ժողովրդավարական պետություն, ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը:

«Հարկ է նաև նշել, որ ՆԳՆ–ի կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Նշենք նաև, որ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ ՆԳՆ–ից նշել են, որ ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։