«Վճռականորեն կպաշտպանենք մեր շահերը». Չինաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

ԱՄՆ նախագահի հայտարարությանն առաջինը արձագանքել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Լյու Պենյույը: Նրա խոսքով` Չինաստանը վճռականորեն դեմ է ցանկացած անօրինական միակողմանի պատժամիջոցների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
Թրամփը հայտարարել է` ցանկացած երկիր, որը բիզնես կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականացվող բոլոր առևտրային գործարքների համար։
«Մաքսատուրքերի հարցում Չինաստանի դիրքորոշումը շատ պարզ է՝ մենք միշտ համարել ենք, որ սակագնային պատերազմում հաղթողներ չկան։ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը», - ասել է Մաո Նինը՝ պատասխանելով Թրամփի որոշումը մեկնաբանելու հարցին։
Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ ՉԺՀ-ի և Իրանի միջև առևտրի ծավալը 2025 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 24%-ով: Միաժամանակ հոնկոնգյան «South China Morning Post» թերթի տվյալներով` Չինաստանն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է՝ երկրի արտաքին առևտրում 30% և նավթի արտահանման 90% մասնաբաժիններով։