ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները Սև ծովում հարձակվել են երկու նավթային լցանավի վրա՝ Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) տերմինալի մոտակայքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
«Delta Harmony և Matilda նավերը ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով ստացել են բեռնափոխադրման սարքավորումների վնասվածքներ, սակայն չեն կորցրել կառավարումը»,-պատմել է գործակալության զրուցակիցը։
«Կազմունայգազ»-ում հստակեցրել են, որ ղազախական ընկերության վարձակալած Matilda լցանավը պետք է նավթ բարձեր ԿԽԿ-ում։ Պայթյունի հետևանքով անձնակազմի անդամները չեն տուժել, նավը շարունակում է նավարկելի մնալ։
Աղբյուրը հավելել է, որ լցանավերը վարձվել էին «Թենգիզշևրոյլ» և «Կարաչագանակ Պետրոլիում Օփերեյթինգ» միջազգային կոնսորցիումների կողմից՝ Ղազախստանից նավթ տեղափոխելու համար։ Նրանք այդ երկրում հանքավայրեր են մշակում ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ։
Նշենք, որ նոյեմբերի 28-ին Ուկրաինայի ԶՈւ–ի անանձնակազմ մոտորանավերը Թուրքիայի ափերի մոտ հարձակվել էին Գամբիայի դրոշի ներքո դեպի Նովոռոսիյսկ ընթացող «Կաիրո» և «Վիրատ» լցանավերի վրա։ «Վիրատը» կրկնակի հարձակման էր ենթարկվել նոյեմբերի 29-ի առավոտյան։ Նույն օրը առավոտյան Ուկրաինայի ԶՈւ հարվածի պատճառով շարքից դուրս էր եկել Նովոռոսիյսկի նավահանգստում գտնվող «Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի» շարժական նավամատույցի սարքավորումը։