Հունվարի 13-ին հարյուրավոր ֆերմերներ կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Փարիզի կենտրոնում։ Նրանք դժգոհ են ԵՄ-ի և Մերկոսուրի (Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի) միջև կնքված համաձայնագրից, ինչպես նաև պահանջում են վարչարարական ընթացակարգերի պարզեցում:
Ֆերմերների խոշորագույն արհմիության՝ FNSEA-ի (Ֆերմերային միությունների ազգային ֆեդերացիա) ներկայացուցիչները գնացել են վարչապետի հետ բանակցությունների։
Ֆերմերները հույս ունեն արգելափակել համաձայնագիրը Եվրոպական խորհրդարանում։ Սա պայմանագիրը չեղարկելու վերջին հնարավորությունն է։ Փաստաթուղթը նախատեսում է եվրոպական արդյունաբերական արտադրանքի արտահանում՝ հարավամերիկյան գյուղատնտեսական մթերքների դիմաց։ Սա հարվածի տակ է դնում Ֆրանսիայի գյուղատնտեսությունը. սուպերմարկետների ցանցերն արդեն հայտարարել են, որ չեն գնելու Հարավային Ամերիկայից ներկրված մթերքները։
Անցյալ շաբաթ Բրյուսելում ԵՄ 27 անդամ երկրների ներկայացուցիչները կողմ քվեարկեցին Մերկոսուրի հետ պայմանագրին և Եվրահանձնաժողովի նախագահին լիազորեցին մեկնել Հարավային Ամերիկա՝ հունվարի 17-ին Պարագվայում այն ստորագրելու համար։ Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի Եվրախորհրդարան՝ վավերացման։