ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, մարդիկ, ըստ էության, պատմական կադրերի ականատես դարձան։
Ցավակցություն հայտնելու եկան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, իշխանության այլ ներկայացուցիչներ։
Նրանցից մոտ մեկ ժամ հետո Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդ գերաշնորհ Ռուբեն վարդապետ Զարգարյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ եկավ նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ ցավակցություն հայտնելու։
Վեհափառ հայրապետին ընդառաջ եկավ Զավեն Սարգսյանի կրտսեր որդին՝ Արմեն Սարգսյանը, հարազատները ոտքի կանգնեցին։ Վեհափառը մոտեցավ ցավակցություն հայտնելու Զավեն Սարգսյանի ավագ որդուն՝ ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, որն ընդառաջ եկավ կաթողիկոսին, խոնարհվեց։
Այնուհետև վեհափառ հայրապետը հոգեհանգստյան կարգ կատարեց։ Ամենայն հայոց կաթողիկոսին զուգահեռ եկեղեցի եկավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ հայտնի գործիչների ուղեկցությամբ (Վազգեն Սարգսյանը ՀՀԿ-ի հիմնադիրներից է– խմբ․)։ Սերժ Սարգսյանը գրակախառնվեց Զավեն Սարգսյանի կրտսեր որդու՝ Արմեն Սարգսյանի հետ, ապա ձեռքսեղմումով ցավակցեց նաև Արամ Սարգսյանին։
Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությունն աջակցում է Փաշինյանին, որն այս օրերին կաթողիկոսին հեռացնելու արշավն է շարունակում։
Հիշեցնենք` Զավեն Սարգսյանը մահացել է հունվարի 12–ին 94 տարեկան հասակում։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։