Իրանի անկարգությունների հետևանքով մահացածների մասին հակասական թվեր են հրապարակվում

Իրանում բողոքի ցույցեր են անցկացվում 2025 թվականի դեկտեմբերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում մոտ 2 հազար մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի` չհրապարակելով նրա անունը։
Միևնույն ժամանակ HRANA (Human Rights Activist News Agency) իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 646-ի, որոնցից 505-ը ցուցարարներ են:
Ավելի վաղ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել լքել երկիրը չդադարող ցույցերի պատճառով:
Իրանում անկարգությունների հետևանքով զոհվել են ոչ միայն ցուցարարներ, այլև իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաև չեզոք դիրքորոշում ունեցող քաղաքացիներ:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենածավալուն ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։