ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն, ԲԿՀ-ական Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 621 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի։ Դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612.000.000 դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ շուրջ 612.000.000 դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով: