Գազայում ավելի քան 100 երեխա է մահացել 2025–ի հոկտեմբերի 10-ի հրադադարից հետո. ՅՈւՆԻՍԵՖ

ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ 2 հազար երեխա դեռ տարհանման կարիք ունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի հատվածում ավելի քան 100 երեխա է սպանվել, ևս մի քանիսը ցրտահարությունից են մահացել: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ)։
«Հրադադարից ի վեր հարյուր երեխա է զոհվել, այսինքն` օրական գրեթե մեկ մանկական մահ։ Բայց իրական թվերն ավելի բարձր են», - Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գազայում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը։
ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նրանք բոլորը սպանվել են իսրայելական զինված ուժերի հարվածներից կամ արձակված արկերի բեկորներից։
«Երեխաները նաև մահանում են ցրտահարությունից։ Միայն վերջին օրերին վեց երեխա է մահացել», - ասել է Էլդերը։
Նրա խոսքով՝ առողջական անդառնալի հետևանքների և հաշմանդամության ռիսկերի պատճառով դեռևս 2000 երեխա բժշկական տարհանման կարիք ունի։
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Իսրայելն ի պատասխան բանտերից ազատ արձակեց մոտ 2 հազար պաղեստինցի բանտարկյալների։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է գրեթե 440 մարդ, ավելի քան 1200-ը` վիրավորվել։
Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ նոր ցամաքային գործողության ծրագիր է մշակել. WSJ