Երեկոյան Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կրկին կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի շրջանների մեծ մասում կեսօրից հետո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հունվարի 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում տեղումները կլինեն ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից` ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 13-14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,– ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Եղանակի տեսություն
Այսօր կեսօրին Երևանում սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +5-ից +7-ի, գիշերը` -3-ից -5 աստիճանի սահմաններում։