2025–ը գերարդյունավետ տարի էր. Սուրեն Պապիկյանը ներկայացրեց պաշտպանական ոլորտի ծախսերը

ՀՀ պաշտպանության նախարարը համեմատական անցկացրեց 2018 թվականի («թավշյա հեղափոխության» տարի) և 2025 թվականի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ոլորտի ծախսերը 2025 թվականին կազմել են 664 մլրդ դրամ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին՝ 664 մլրդ դրամ (1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար)։ Այսինքն` պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով։ Կարևոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել հեղափոխության տարվա հետ, քանի որ շահարկումներն ու քննադատությունները շատ են։ Նշում են, թե պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր։ Այս թվերը մեղմ ասած խոսուն են»,- ասաց Պապիկյանը։
Նա ընդգծեց՝ ցանկանում է, որ 2026 թվականին շարունակեն աշխատել` հենց այդ թվերի վրա շեշտը դնելով Նախորդ տարին Պապիկյանը որակեց որպես գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում և՛ ծախսերի, և՛ իրականացված ծրագրերի մասով։
Ըստ Պապիկյանի՝ 2025 թվականը նաև բարեփոխումների տեսանկյունից է կարևոր։ Նախարարը մասնավորապես նշեց պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը և շեշտեց՝ դա շրջադարձային էր Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Անդրադառնալով քննադատություններին՝ Պապիկյանն ասաց, որ այս նախաձեռնությամբ հանդես են եկել պաշտպանության ոլորտում կատարված բարեփոխումների շնորհիվ։
Բարեփոխումների համատեքստում նախարարը նաև նշեց, որ 2023 թվականի համեմատ 2025-ին զորակոչի 19 տոկոս աճ է գրանցվել։
ՀՀ–ում պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում. դիմել է 1 քաղաքացի