ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի կամ Իսրայելի իշխանությունները դժվար թե այս պահին Իրանի վրա հարձակվելու ծրագրեր նախապատրաստեն: Այս մասին Sky News հեռուստաալիքի լրագրող Ադամ Փարսոնսին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանին հասցվող նոր հարվածներին, եթե Թեհրանը փորձի շարունակել հրթիռային և միջուկային ծրագրերի մշակումը։ Հետագայում՝ Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների սկսվելուց հետո, Թրամփը սպառնացել էր ցուցարարների զոհվելու դեպքում հզոր հարված հասցնել Իրանին՝ ընդգծելով, որ Իրանի ժողովրդին օգնության կհասնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Հաքաբիին հարց են ուղղել` արդյոք Վաշինգտոնը փորձում է արագացնել Թեհրանում վարչակարգի փոփոխությունը։ Դեսպանը հերքել է, որ Թրամփը ձգտում է դրան, և բացառել է մոտ ժամանակներս ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունը։
«Ես չեմ կարծում, որ հենց հիմա ԱՄՆ-ն կամ Իսրայելը (Իրանի գործերին՝ խմբ.) միջամտելու ծրագրեր են կազմում։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել»,-նշել է Հաքաբին։
Հեռուստաալիքի լրագրող Ադամ Փարսոնսը հիշատակել է հունվարի սկզբին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությունը՝ ընդգծելով, որ Իրանի պարագայում Սպիտակ տունը չէր կարողանա նմանատիպ գրոհ իրականացնել և ձերբակալել երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Հաքաբիին նաև խնդրել են գնահատել, թե Իրանին հնարավոր հրթիռային հարվածը որքանով հետևանքներ կունենա և չարդարացված հումանիտար սպառնալիք կներկայացնի։ Դեսպանն ընդգծել է, որ նման որոշումներ կարող են կայացնել անմիջապես Թրամփը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Ես չեմ լսել այն մասին, որ Ամերիկան պատրաստվում է ձեռնամուխ լինել դրան (Իրանին հարվածելուն՝ խմբ.) մոտ ժամանակներս»,-հավելել է Հաքաբին։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը քննարկել են Իրանում տիրող իրավիճակը և առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու հնարավորությունը։