ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար անտառ ունենալը պարտադիր չէ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի քաղաքապետարանը կենտրոնացած է օդի որակի խնդրի մասով ավելի վերլուծական տվյալներ տալու և դրա հիման վրա մեր գործողությունները կարգաբերելու վրա։ Կարողանալու ենք ինվերսիոն շերտի կանխատեսումներ իրականացնել։ Սա նշանակում է, որ ինչ-որ մակարդակի վրա օդում վատ ցուցանիշներ ունենք, ու երբ դրանք իջնում են քաղաքի, ինչպես նաև Արարատյան գոգավորության վրա, խնդիր է առաջանում։ Կանխատեսումներ մեզ կօգնեն ավելի ճիշտ հասկանալ իրավիճակը»,- նշեց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ օդի աղտոտվածության վերաբերյալ իրազեկվածությունը մարդկանց շրջանում նույնպես կարևոր է, քանի որ երբեմն կան ինտուիտիվ բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
«Շատերին թվում է` եթե Երևանը վերածվի մեծ անտառի, խնդիրը կվերանա։ Իրականությանը չի համապատասխանում։ Դրա ապացույցն է Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքը, որը առաջին հերթին անտառ է, հետո քաղաք, բայց օդի աղտոտվածության ցուցանիշները խայտառակ բարձր են»,– ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` դեռ դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասաց, որ մայրաքաղաքում օդի որակը բարելավվել է հյուսիսից տարածաշրջան ներթափանցած քամիների շնորհիվ։
Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե Երևանում օդի որակը պայմանավորված է օդի դիվերսիայով, բնակլիմայական պայմաններով ու աշխարհագրական դիրքով։ Միևնույն ժամանակ շեշտեց՝ պետք է շարունակեն դիտարկել մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևանից դուրս իրականացնելու առումով, որպեսզի պատնեշ ստեղծվի այն քամիների համար, որոնք դեպի քաղաք են բերում սմոգը։