Իրանական ռիալի արժեզրկումը և բողոքի ակցիաները կազդե՞ն ՀՀ–ի վրա. տնտեսագետի գնահատականը

Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայում
Աղասի Թավադյանը հիշեցրեց, որ վերջին անգամ այսպիսի մասշտաբային բողոքի ակցիաներ տեղի են ունեցել 2–3 տարի առաջ` կրկին Ամանորի նախաշեմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Իրանում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին երկրից դուրս եկող ապրանքն աշխարհի համար է՛լ ավելի կէժանանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հետևանք կարող են ունենալ այս ակցիաները Հայաստան–Իրան առևտրաշրջանառության և, մասնավորապես, առանձին ապրանքատեսակների ներկրման, արտահանման վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
«Եթե զուտ տնտեսագիտորեն նայենք, ապա Իրանից դուրս եկող ապրանքն աշխարհի համար է՛լ ավելի կէժանանա, որը կբերի իրանական ապրանքների մրցակցության աճին, որն էլ իր հերթին կհանգեցնի իրանական բյուջեն ավելի մեծ քանակությամբ արժույթով լցնելուն»,– նշեց նա։
Տնտեսագետի խոսքով` իրանական ռիալն առաջին տարին չէ, որ արժեզրկվում է՝ սա տասնամյակներ շարունակվող քաղաքականություն է։ Նա հիշեցրեց, որ վերջին անգամ այսպիսի բողոքի ակցիաներ տեղի են ունեցել 2–3 տարի առաջ` կրկին Ամանորի նախաշեմին։
Արդյոք այս պայմաններում հայ ներկրողները կարո՞ղ են շահեկան դիրքերում լինել, Թավադյանը նշեց` ճիշտ է, երկու երկրների առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աշխուժացել է, սակայն Իրանի հետ մեր հիմնական գործարքը «էլեկտրաէներգիա` գազի դիմացն» է՝ մենք ներկրում ենք գազ Իրանից և արտահանում էլեկտրաէներգիա։ Այսինքն` ներկա իրավիճակը մեծ հաշվով, ըստ նրա` լուրջ ազդեցություն ՀՀ–ի տնտեսության վրա չի թողնի։
«Վերջին շրջանում ակտիվացել է Հայաստանից դեպի Իրան կենդանիների` հատկապես ոչխարների, ինչպես նաև պանրի որոշակի տեսակների արտահանումը։ Այս տեսանկյունից այս արտահանողները տուժում են, քանի որ իրենց ապրանք կարտահանեն է՛լ ավելի թանկ գնով, եթե, իհարկե, չլինեն աշխարհաքաղաքական փոփոխություններ կամ ռեժիմի փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետությունում»,– ընդգծեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է Իրանից կոնկրետ ապրանքատեսակների ներկրմանը, օրինակ` ցեմենտ և այլ շինանյութեր, որոնց հետ կապված ՀՀ կառավարությունը բազմիցս սահմանափակումներ և քվոտաներ է կիրառում` տեղական արտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, ապա Թավադյանն այն կարծիքին է, որ այս բնագավառում որևէ բան չի փոխվելու։
«Իհարկե, այդ խնդիրը կա. այն, որ ավելի էժան ապրանք է գալու Հայաստան, դա դրական է, սակայն տեղական արտադրողների համար այնքան էլ լավ չէ։ Պետք է նշել, որ անգամ այս պարագայում իրանցի արտահանողը հակված չէ Հայաստանի Հանրապետության համար գինն էժանացնել, ավելի շուտ` նա գինը կթողնի անփոփոխ, գնանկումներ չեն լինի»,– նշեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
«Ուրբաթ օրվանից իրանահայերից տեղեկություն չկա». ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար