Ավելի քան 10 մլն մարդ դիտել է Քեոսայանի վերջին ֆիլմը նրա ծննդյան օրը․ Մարգարիտա Սիմոնյան

Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը. Արխիվային լուսանկար
Տիգրան Քեոսայանը կյանքից հեռացել է 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։ Հունվարի 4-ին նա կդառնար 60 տարեկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վերջին՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը նրա 60-ամյակի օրը՝ հունվարի 4-ին, դիտել է ավելի քան 10 մլն հանդիսատես: Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Ֆիլմի ցուցադրվել է«Ռոսիա 1» հեռուստաալիքով՝ ռեժիսորի հոբելյանի օրը։ Սիմոնյանը նշել է, որ վստահ է՝ Քեոսայանը նույնպես ուրախ կլիներ հանդիսատեսի նման արձագանքի համար:
Տիգրան Քեոսայանը կյանքից հեռացել է 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։ Հունվարի 4-ին նա կդառնար 60 տարեկան։
Ֆիլմի սցենարը ստեղծվել է Սիմոնյանի «Ջրապտույտ» ժողովածուի պատմվածքի հիման վրա։ Քեոսայանը հատկապես գնահատում էր այդ ստեղծագործությունը և ձգտում էր էկրանավորել այն, որպեսզի փոխանցի իրենց երկուսին էլ մոտ «ադլերյան մթնոլորտը»։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կրասնոդարի երկրամասում։
Տիգրան Քեոսայանը ծնվել է 1966թ.հունվարի 4-ին Մոսկվայում՝ կինոարտադրության հետ սերտորեն կապ ունեցող ընտանիքում: Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը։ Քեոսայանը լայն ճանաչում է գտել «Նախագահը և նրա թոռնուհին» ֆիլմով, որը 2001 թվականին արժանացել է «Կինոտավր» փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին: Տիգրան Քեոսայանի ստեղծագործական ժառանգությունը ներառում է նաև «Արծաթափայլ հովտաշուշան», «Յալթա-45», «Տղամարդու աշխատանք», «Երեք ընկեր», «Նապաստակ անդունդի վրա» և «Միրաժ» ֆիլմերը: