Իրանում 34 մզկիթ են հրկիզել. բողոքի ցույցերի ֆոնին ընթանում է խորհրդարանի արտահերթ նիստը

Ցուցարարները ոչ միայն շենքեր են հրկիզել, այլև խոչընդոտել են հրշեջների աշխատանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Իրանի խորհրդարանը կիրակի օրն արտահերթ նիստ է անցկացնում երկրում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով, որոշ տվյալներով, զոհվել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը:
Նիստի ժամանակ որոշ պատգամավորներ վանկարկել են «Մահ Ամերիկային»:
Ըստ Associated Press-ի, որը հղում է անում տեղի իրավապաշտպան կազմակերպություններին, ողջ երկրում ընթացող ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 116 մարդ, իսկ ձերբակալվածների թիվը հասել է 2600-ի: Միաժամանակ գործակալությունը նշում է, որ ստույգ թվեր իմանալը դժվար է, քանի որ երկրում անջատված են ինտերնետը և միջազգային բջջային կապը:
Թեհրանի նահանգի հրշեջ ծառայության ղեկավար Քոդրաթոլլա Մոհամմադին հայտնել է, որ անկարգությունների ժամանակ զինված մասնակիցները հրկիզել են 26 բնակելի տուն, 34 մզկիթ, 40 բանկ, 15 առևտրի կենտրոն, 13 պետական հիմնարկ և 50 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ հանրային:
Նա նաև նշել է, որ ցուցարարները ոչ միայն հրկիզումներ են իրականացրել, այլև խոչընդոտել են հրշեջների աշխատանքը:
«Գործողություններից մեկի ժամանակ մեր աշխատակիցներն ուղևորվում էին դեպի այրվող բնակելի շենքը, սակայն խռովարարները հրկիզել են մեքենաները և թույլ չեն տվել նրանց հասնել դեպքի վայր»,-հայտարարել է Մոհամմադին:
Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ընդգծել էր, որ բախումներ և բռնություն հրահրողները, սպանություններ և հրկիզումներ իրականացնողները խիստ կպատժվեն:
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը. դրանք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ: