ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Wizz air ավիաընկերությունը չեղարկել է հունվարի 10-ին կայանալիք Պրահա-Երևան չվերթը, իսկ ուղևորներին այլ առաջարկ չի ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք բլոգեր Էլեն Քանդարյանից (Elenchs blog) և «Ֆեյսբուքի» «Հայկական տուրիստական տեղեկատու» էջից, որտեղ ուղևորներն իրենց դժգոհություններն են հայտնել ավիաընկերության աշխատանքից ու իրենց տրված պատասխաններից։
Քաղաքացիների մի մասն էլ գրում է, որ ավիաընկերությունից իրենց հայտնել են՝ հաջորդ թռիչքը լինելու է հունվարի 12-ին։
Բլոգերը «Ինստագրամում» սթորիների միջոցով ներկայացրել է իրավիճակն ու հայտնել՝ ավիաընկերությունից իրենց տեղեկացրել են, որ կարող են այլ ուղղությամբ տոմս գնել ու մեկնել։ Առաջարկել են Պրահա-Քութայիսի չվերթով մեկնել Վրաստան, այնտեղից էլ սեփական միջոցներով վերադառնալ Երևան։
Ըստ բլոգերի՝ այդ ճանապարհածախսի համար փոխհատուցման մասին հարցին Wizz air-ից պատասխանել են, որ գուցե գումարի վերադարձ լինի։ Միևնույն ժամանակ «Էլենչս բլոգը» նշել է, որ իրենց տրանսպորտի, հյուրանոցի, սննդի և ջրի վաուչերներ էլ չեն տվել։
Բլոգերի սթորիներից պարզ է դառնում, որ իրենք ընտրել են Պրահա-Քութայիսի չվերթով Երևան գալու տարբերակը։
Էլեն Քանդարյանը նաև հայտնել է, որ ուղևորներից մի քանիսը ստիպված այլ տոմսեր են գնել, օրինակ` Պրահա-Ստամբուլ-Երևան երթուղով, քանի որ Քութայիսիի չվերթում արդեն տեղերը սպառված են եղել։
«Հայկական տուրիստական տեղեկատու» էջում էլ քաղաքացիները նշում են, որ սա վերջին օրերին ավիաընկերության Պրահա-Երևան ուղղությամբ առաջին չվերթը չէ, որ չեղարկվում է։ Ուղևորներից մեկը գրել է, որ հունվարի 2-ի չվերթն էլ է չեղարկվել ու իրենք հաջորդ օրը մեկնել են Հռոմ, որտեղից էլ` Երևան։
Ստացվում է, որ չնայած Պրահայում առատ ձյուն է տեղացել, բայց խնդիրը եղանակային պայմանները չեն։